1-3-րդ դասարաններ
1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։
Առարկայի ուսուցման նպատակը
Կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Այս տարիքից դրվում են նաև քերականական, հնչունաբանական, շարահյուսական գիտելիքների հիմքերը:
Առարկայի ուսուցման խնդիրները
Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից դասերը պետք է անցկացվեն անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու առօրյա արտահայտություն, դրանք անընդհատ գործածել և կրկնել: Դասարանային բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվելու են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս պետք է հստակ գիտակցի, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ (համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:
Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:
1-ին դասարան
- Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի մասին տարրական պատկերացում-երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական հարց ու պատասխանի միջոցով։
- Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
- լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
- լսել և կատարել ուսուցչի հրահանգները
- լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
- լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
- լսել և ճիշտ պատասխանել հարցերին
- կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
- Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, նյութերի թղթապանակները, ընտրել խաղը, խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը, կատարում այն:
- Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ առանց դրանք անվանելու։
2-րդ դասարան
- Ձևավորել սովորողի՝ օտար լեզվի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
- Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
- Զարգացնել օտար լեզվով խոսելու հմտությունները։
- Ընդլայնել բառապաշարը։
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
- Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։
3-րդ դասարան
- Զարգացնել խոսելու հմտությունները։
- Զարգացնել գրելու հմտությունները։
- Ընդլայնել բառապաշարը։
- Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
- Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
- Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։
4-5-րդ դասարաններ
Առարկայի ուսուցման նպատակը
Օտար լեզվով շփվելու, հաղորդակցվելու հմտությունների և կարողությունների զարգացում՝ ըստ խոսքային գործունեության չորս ուղղությունների.
- Ունկնդրում
- ընկալել և հասկանալ ուսուցչի հրահանգները
- հասկանալ ուսուցչի և ընկերների խոսքը,
- լսել և հասկանալ բանավոր մշակված խոսքը, որը կպարունակի մեկ-երկու անծանոթ բառ։
- Խոսել
- վարել փոքր երկխոսություններ իրենց ծանոթ թեմաների շուրջ
- փոխանակել մեկ-երկու նախադասություն իրեն ծանոթ իրադրության մեջ
- արտահայտել հարցեր, խնդրանք, տալ պատասխաններ։
- Ընթերցել
- ընթերցել պարզ տեքստեր՝ ընկալելով դրանց ընդհանուր իմաստը՝ առանց բառանի օգնության
- կարողանալ բարձրաձայն կարդալ փոքր տեքստեր՝ պահպանելով առոգանության, հնչերանգի, շեշտադրության հիմնական կանոնները։
- Գրել
- կազմել և գրել նախադասություններ ծանոթ խոսքային նմուշներով՝ օգտագործելով անցած բառերը
- գրել փոքր շարադրություններ, շնորհավորական բացիկներ
- լրացնել թեստեր, կատարել գրավոր վարժություններ։
Ծրագրի խնդիրները.
4-րդ դասարան
- Զարգացնել խոսելու հմտությունները։ Սովորողները կարողանում են իրենց ծանոթ թեմաների շուրջ վաերլ փոքր երկխոսություններ, քննարկումներ, տալ կարծիքներ:
- Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները կարողանում են հորինել փոքր պատմություններ, կատարել թարգմանություններ՝ տեղադրելով դրանք իրենց բլոգներում:
- Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով այն ևս 100 բառով:
- Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։ Սովորողները կարող են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր լսել և հասկանալ, կարդալ տեքստեր և հասկանալ դրանք ընդհանուր իմաստը:
- Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
- Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր, կատարել առաջադրանքներ:
- Սովորեցնել անհրաժեշտ քերականական տարրեր՝ տալով որոշակի պարզաբանումներ։
5-րդ դասարան
- Զարգացնել խոսքը։ Սովորողները փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում օտար լեզվով՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից
- Զարգացնել գրելու հմտությունները։ Սովորողները իրենց թարգմանություններն ու ստեղծագործությունները տեղադրում են իրենց բլոգներում:
- Ընդլայնել բառապաշարը՝ ավելացնելով տարբեր դարձվածաբանական արտահայտություններ, ասացվացքներ և այլն։
- Զարգացնել ընթերցման և ունկնդրման հմտությունները։
- Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
- Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
- Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում
- Սովորեցնել տարիքին համապատասխան քերականական տարրեր, պարզաբանելով դրանք և ամրապնդելով օրինակներով: